Select Page

Մենք հաճախ փորձում ենք ամենատարբեր նվերների տեքսով անակնկալներ պատրաստել մեզ հարազատ մարդկանց համար և հենց այդ ժամանակ բախվում ենք հետևյալ հարցին՝ «Բա ի՞նչ հավես բան արժե նվիրել»։ Ու այստեղ է, որ ամբողջ ուժով փորձում ենք զարկ տալ մեր երևակայությանն ու կրեատիվությանը: 

Իսկ մինչ այդ աշխարհի ամենատարբեր երկրներում ընդունված է այնպիսի նվիրներ անել, որոնք մեզ մոտ այդքան էլ ընդունված չէ։ 

Արի միասին բացահայտենք այդ նվերները։ 

Եվ այսպես, գեղեցկուհի բրազիլուհիների համար ցանկալի նվերներ են թանկարժեք իրերը, օրինակ, ոսկյա զարդեր կամ բնական մորթուց կաշվե բաճկոնը։ Այո, ճիշտ կարդացիք՝ բնական մորթուց կաշվե  բաճկոն։ Իսկ թե դա ինչու է անհրաժեշտ տաք երկրում ապրող բրազիլուհուն հայտնի չէ, սակայն փաստ է։

Սուրճի կամ թեյի ամենատարբեր տեսակների հավաքածուն, թանկարժեք քաղցրավենիքը մեզ մոտ նվերի ընդունված տարբերակ է։ Իսկ երբևէ պատկերացրե՞լ ես, թե ինչ արձագանք կտա դիմացինդ, եթե նրան նվիրես բուսական յուղ կամ տարբեր պահածոների հավաքածու։ Պետք չէ այդպես զարմանալ, Կորեայում դրանք նվերների ընդունված տարբերակներ են։

Իսկ այժմ փորձեք կռահել, թե որն է ամենաընդունված նվերը Կատալոնիայում։ Դա՝ իր կարիքները հոգացող գիպսե արձանիկն է՝ կագաները, որի հերոսը կարող են լինել ամենատարբեր մարդիկ՝ հասարակ գյուղացի, հանրաճանաչ որևէ մարդ, անգամ Հռոմի Պապը։

Գերմանիայում, օրինակ, վերջին տարիներին ընդունված է նվիրել փողի ծառ, բայց խոսքը բուսական ծառի մասին չէ, այլ ձեռքով պատրաստված ծառի, որի տերևները տարբեր արժեույթների տեսք ունեն։ 

Հաջորդը Հնդկաստանն է։ Այստեղ ամենատարածված նվերներից է գեղեցիկ կերպով մատուցված տարբեր համեմունքների հավաքածուն։ Նվերի այս տարբերակը դեռ երկար տարիներ չի զիջի իր դիրքերը՝ հաշվի առնելով հնդիկների սերը դեպի անուշահամ սնունդը։

Անգլիացիները, լրջորեն վերաբերվելով ազգային ավանդույթներին, հաճախ նվիրում են կրոնական բնույթի նվերներ, ինչպիսին են օրինակ Մարիամ Աստվածածնի կամ Հիսուսի արձանիկները։

Իսկ ահա ամենաօրիգինալների շարքը համալրում են աֆրիկացիները։ Այստեղի շատ երկրներում կենդանի նվիրելը համարվում է մեծ պարգև․ կենդանիները համարվում են հավատարմության , բարեկեցության և երջանկության խորհրդանիշ։ Սակայն գիտե՞ս, որ բացի ավանդական տնային կենդանիներից, այտեղ ընդունված է նվիրել նաև կապիկ կամ օձ։

Դեռ հին ժամանակներում Թայլանդի միապետը որպես երախտագիտության նշան իր մերձավորներին նվիրում էր սպիտակ փիղ, սակայն դա միևնույն ժամանակ անեծք կարծես լիներ, քանի որ նվեր ստացողը չէր կարող ոչ բեռնել փղին, որ էլ վաճառել, իսկ նրա խնամքը բավական ծախսատար էր։ Մեր օրերում արդեն «սպիտակ փիղ» բառակապակցությունը նշանակում է ինչ-որ բան, որը եկամուտ չի բերում։

Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ էր ընդունված նվիրել Պարսկաստանում․ շախմատ, ահա թե ինչ։ 

Իսկ ճապոնիայում ահա այսօր մեծ տարածում ունի Միձուխիկի աշխատանքները միմյանց նվիրելը։ Դա թելերից տարբեր նախշեր ստանալու արվեստի մի տեսակ է։ Նման նախշեր կարող եք տեսնել գեղեցկուհի ճապոնացիների գլխազարդերի, պայուսակների, էջանշանների և իրերի վրա։