Select Page

Ի՞նչ է էքստրիմը եւ ովքե՞ր են էքստրեմալները: Հոգեբանները համոզված են, որ էքստրիմի սիրահարները տարբերվող ու վառ անհատականություններ են, սիրում են լինել ուշադրության կենտրոնում, էքստրիմի միջոցով հանում են նեգատիվիզմը եւ իրենց այդ կերպ սկսում զգալ ավելի երջանիկ: Ադրենալինի արտադրման ժամանակ մարդու օրգանիզմում արտադրվում են էնդորֆիններ, որոնք պարգեւում են ազատության, անսահման վերելքի աննկարագրելի զգացողություններ, այսպես ասած, թեւեր են տալիս մարդուն: 

Երբեւէ լսե՞լ եք էքստրեմալ տուրիզմի մասին: 

Այս տուրիստական ուղղվածությունը տարածված է ողջ աշխարհում եւ համարվում է ամենահայտնիներից մեկը: 

Էքստրեմալ տուրիզմը ունի մի շարք տեսակներ, որոնցից են՝ մեքենավարման տուրիզմը, ալպինիմզը, դահուկային տուրիզմը, դայվինգը, ջիպպինգը, քայլարշավային տուրիզմը, ավտոստոպը, թռիչքը օդապարիկով, մոտոցիկլային տուրիզմը եւ այլն:

Շատերը կարծում են, որ Հայաստանում էքստրեմալ տուրիզմը զարգացած չէ, բայց նման կարծիքը վաղուց արդեն իրականություն չէ: Հայաստանում էքստրեմալների քանակը զգալի ավելացել է վերջին շրջանում: 

Բոլորիս շրջապատում էլ կան մարդիկ, ումից պարբերաբար լսում ենք.

  • Երանի օդապարիկով մի օր թռնեմ, կամ՝ երազում եմ բարձրանալ Արարատ լեռը: 

Այսպիսի էքստրեմալների ամենամեծ ուրախությունը կլինի ստանալ նվեր էքստրեմալ տուրիզմի որևէ ծառայություն, որոնք, ի դեպ, Հայաստանում շատ-շատ են ու բավականին հետաքրքիր: Այժմ անդրադառնանք դրանցից ամենահայտնիներին.

Թռիչք օդապարիկով

235 տարի առաջ պատմության մեջ տեղի ունեցավ առաջին անգամ օդապարիկով թռիչք: Ֆրանսիացիներ Պիլար դե Ռոժեն եւ մառկիզ դ՛Առլանդը առաջին անգամ թռիչք են իրականացրել Փարիզի կենտրոնից: Տղաները բարձրացել են 915 մետր եւ 25 րոպեում անցել 9կմ.: Հաջողություն գրանցելու հետո 1783 թվականից սկսել են թողարկել օդապարիկներ:

Էլ ի՞նչ էքստրեմալ, եթե գոնե մի անգամ չի թռել օդապարիկով: Վառ ու գունագեղ բնություն, լեռներ ու գեղատեսիլ քարանձավներ եւ, իհարկե, էքստրիմ, էքստրիմ: Այսպիսի նվեր տուրը դեռ երկար կպահպանվի մասնակցի հիշողություններում:

Զիփլայն

Հայաստանում առաջին զիփլայնը բացվել է Տավուշի մարզում։ Բացումից հետո այն դարձել է աշխարհի ամենաերկարներից մեկը։ Դրա երկարությունը կազմում է 2680 մետր։ 

Աշխարհի ամենաերկար զիփլայնը գտնվում է Ֆրանսիայում 3250 մետր բարձրության վրա: 

Զիփլայնը նույնիսկ հիշատակվել է Հերբերտ Ուելսի «Անտեսանելի մարդը» գրքում, որը հրատարակվել է 1897 թվականին: Պատկերացնու՞մ եք, նույնիսկ մահացության դեպք է գրանցվել զիփլայնի պատմության մեջ: 1739 թվականին թռիչքի ընթացքում մահացել է հայտնի էքստրեմալ Ռոբերտ Կադմանը: 

Էքստրիմի սիրահարները կգնահատեն այսպիսի նվերը, հավատացեք:

Ռաֆթինգ

Ռաֆթինգը նորություն է Հայաստանում, ի տարբերություն օդապարիկի եւ զիփլայնի: Ի՞նչ է ռաֆթինգը, լեռնային գետով գետավարում, որից ստացված զգացողություններն աննկարագրելի ու տարբերվող են, միաժամանակ՝ վտանգավոր: Ռաֆթինգը ունի շատ հին պատմություն: Հին դարերում, երբ չկային փոխադրամիջոցներ, մարդիկ լաստերով էին տեղաշարժվում բավականին վտանգավոր վայրերով: Ռաֆթինգի սկիզբը դրել է ամերիկացի Մ. Ջոնսը, ով նույնիսկ համարձակվել է ռաֆթինգ իրականացնել Նեղոս գետով: Ռաֆթինգը նաեւ համարվում է սպորտ, եւ 2000 թվականին Չիլիում անցկացվել է ռաֆթինգին առաջնություն:

Էլ ի՞նչ է պետք էքստրիմի նվիրյալներին: Նվիրեք նրանց ռաֆթինգ եւ նրանք միանշանակ երջանիկ կլինեն:

Էքստրեմալ «երկաթե ճանապարհ»

Via Ferratta թարգմանաբար նշանակում է երկաթե ճանապարհ: Էքստրեմալների համար իրական դրախտ է երկաթե ճանապարհը: Ժայռի որոշակի հատվածում ամրացվում են երկաթե կառույցներ, որոնք օգնում են հաղթահարել ժայռը: Հայաստանում վերջերս է սկսել հայտնի դառնալ էքստրեմալ տուրիզմի այս ուղղվածությունը: Հայկական «երկաթե ճանապարհը» գտնվում է Ենոքավան գյուղում: 

Ռոուդջամփինգ

Ռոուդջամփինգ նշանակում է թռիչք պարանով: 

Էքստրիմի այս ուղղվածության սիրահարները թռնում են տարբեր բարձր վայրերից պարանով: Բրազիլիայում, Լատվիայում, Ուկրաինայում այն օրենքով թույլատրված եւ բավականին հայտնի զբաղմունք է: 

2014 թվականի հունվարին Չինաստանում գտնվող ամենաբարձր կետից՝ 496 մետր, իրականացվել է թռիչք, որը ռեկորդ է համարվում ռոուդջամփինգի պատմության մեջ: 

Այս ուղղվածության սկիզբը դրել է ամերիկացի ժայռամագլցող Դեն Օսմանը:

Պատկերացնու՞մ եք՝ ինչպիսի՞ աննկարագրելի զգացողություն է էքստրիմի սիրահարի համար լինել օդում՝ ազատ ու երջանիկ: Այս ուղղությունը վերջերս է տարածվել Հայաստանում: Հիմնականում ցատկում են Աշտարակի կամրջից:

Թռիչք պարապլանով

1964 թվականին Սթիվ Սնայդերը ստեղծեք օդապարիկ-թեւը եւ դա դարձավ իսկական բացահայտում այդ շրջանում: Պարապլանով թռիչքը թվում է, թե շատ հեշտ է, սակայն իրականում այդպես չէ, պետք է շատ լավ տիրապետել տեխնիկային վնասվածքներ չստանալու համար: 

Այս ամենի հետ մեկտեղ, ինչ խոսք, անսահման հաճելի զբաղմունք է: 

Պատկերացրեք Դուք օդում եք, ոչինչ չկա շուրջը, միայն բնություն, լեռներ ու ժայռեր, ի՞նչ է մնում, մնում է միայն հիանալ ու վայելել պահի ազատությունը: 

Պարապլանով թռիչքը կարող է լինեն Ձեր էքստրեմալ ընկերոջ կյանքի լավագույն ու անմոռանալ նվերներից մեկը:

Դե ինչ, նյութը կարդալուց հետո արդեն շտապու՞մ եք նվիրել Ձեր սիրելիին, ընկերոջը, հարազատին իր կյանքի լավագույն նվերներից մեկը՝ էքստրիմը: