Select Page

Միմյանց նվերներ տալու ավանդույթը գալիս է դեռ անհիշելի ժամանակներից։ Այսօր երկրից երկիր ձևավորվել են նվերների մատուցման մի շարք ավանդույթներ, որոնք պայմանավորված են մշակութային առանձնահատկություններով։  Օրինակ եվրոպայում ընդունված չէ նվիրել շատ թանկարժեք իրեր, քանի որ այդ պարագայում դա կարող է կաշառքի տպավորություն ստեղծել կամ առաջացնել անհարմար իրավիճակ։ Այստեղ նվերի միջին գինը չպետք է գերազանցի միջին աշխատավարձի 5%-ը։ 

Իսկ հիմա եկեք միասին տեսնենք, թե տարբեր երկրներում նվերների ինչպիսի ավանդույթներ կան։ 

Չինաստան

Միգուցե արդեն գիտեք, որ Չինաստանում ընդունված է որպես նվեր մատուցել կարմիր ծրարով գումար, սակայն շատերը չեն իմանա, թե դրա մատուցումը ինչպես պետք է կատարել։ Նախ, ծրարում դրված գումարը պետք է լինի նոր, փայլփլուն արժույթ։ Միջի գումարի քանակը չպետք է սկսվի 4-ով, քանի որ Չինաստանում դրա արտասանությունը համընկնում է «մահ» բառի հետ։ Այս պարագայում 8-ը լավագույն տարբերակն է, քանի որ համարվում է հաջողակ թիվ: 

Հնդկաստան

Հավատացե՛ք, դուք սխալ ընտրություն չեք կատարի, եթե որպես նվեր այս երկրում ընտրեք քաղցրավենիքը։ Սա նվերի ընդունված և տարածված տարբերակներից մեկն է։ Այս պարագայում կարևոր է, որ ինչ նվեր էլ ընտրեք, այն մատուցեք ճիշտ ձևով։ Հնդկաստանում ձախ ձեռքը համարվում է կեղտոտ, ուստի երբեք այդ ձեռքով ոչինչ պետք չէ նվիրել։ Նվերները այստեղ մատուցեք կամ աջ ձեռքով, կամ երկու ձեռքով միասին: 

Ֆրանսիա

Կարո՞ղ էիք ենթադրել, որ այստեղ ընդունված չէ կանանց նվիրել օծանելիք, եթե Դուք նրա ամուսինը չեք։ Նույն կերպ տղամարդկանց դեպքում ընդունված չէ փողկապ նվիրել։ Ֆրանսիացին մեծ հաճույքով որպես նվեր կընդունի արտասահմանյան որևէ խմիչք, իսկ այ տեղական արտադրության նույն նվերը կարող է նեղացնել նրան։ 

Հունաստան

Հունաստանում ընդունված չէ նվիրել ծաղիկներ, տորթեր և սուր առարկաներ, փոխարենը մեղրը, մրգային գինիները նվերի լավ տարբերակ են։

Դանիա

Դանիայում մի շիշ լիկյորը կամ ցանկացած այլ ալկոհոլային խմիչք լավ նվեր է համարվում, քանի որ դրանք այստեղ բավական թանկ արժեն։

Գերմանիա

Գերմանացուն նվեր ընտրելիս, պետք է ուշադրություն դարձնել դրա պիտանելիության, օգտակարության վրա։ Կարող եք նվիրել այնպիսի պարագաներ, ինչպիսին են վարսահարդարիչը, հարիչը, ճամփորդական պայուսակի կողպեքը, ինչպես նաև դահուկային սպորտի համար նախատեսված գլխարկ, սվիտեր կամ ֆիթնես ակումբի աբոնեմենտ։ 

Անգլիա

Անգլիայում սիրում են ավելի պարզ և հասարակ նվերներ՝ փայտյա կամ ֆոսֆորից պատրաստված փոքր իրեր, կախազարդեր, սեփական ձեռքով պատրաստված բացիկներ,ընտանեկան ալբոմ։