Select Page

Ժամանակակից աշխարհում նվերներ հանձնելու ու ստանալու գործընթացը  ուղեկցում են մարդուն իր կյանքի ամբողջ ընթացքում: 

Շատ ազգերի մոտ նվեր հանձնելը մեծ արարողություն է եւ ազգային մշակույթի մի մասն է կազմում: 

Իսկ ե՞րբ է առաջացել նվեր հանձնելու մշակույթը, ինչպե՞ս է կազմակերպվել նվեր հանձնելու արարողակարգը, որտեղի՞ց է այն առաջացել:

Կարելի է ենթադրել, որ նվերներ հանձնելու մշակույթը ձեւավորվել է դեռ նախնադարյան ժամանակաշրջանում, երբ մարդիկ պաշտում էին հնագույն աստվածներին, նվերներ էին մատուցում նրանց: 

Հին ժամանակներում մարդիկ շատ զգուշությամբ էին վերաբերվում նվեր ընտրելուն ու նաեւ այդ նվերը մատուցելուն, որովհետեւ նույնիսկ փոքրիկ սխալը կարող էր պատերազմի ու անախորժությունների պատճառ դառնալ եւ հակառակը, ճիշտ ընտրված ու մատուցված նվերը կարող էր երկարատեւ բարեկամության սկիզբ դնել: Այդպիսի բարեկամական քայլ արեցին պարսիկները՝ նվիրելով Ռուսաստանին փիղ:

Տարբեր ազգեր ունեն նվերների հանձման իրենց հետաքրքիր արարողությունները, այժմ անդրադառնանք դրանցից մի քանիսին: 

Հոլանդիա

Այս զարմանահրաշ երկիրը ունի նույնքան զարմանահրաշ ավանդույթներ: 

Նոր Տարին ու Ամանորը հոլանդացիները նշում են հանգիստ, ընտանեկան միջավայրում, իսկ դեկտեմբերի 6-ին սկսվում է նվերային վազքը: Նվերները թաքցնում են տան տարբեր անկյուններում, այնպիսի տեղերում, որ դժվար լինի դրանք գտնել եւ ողջ ընտանիքը ուղեւորվում է գտնելու իր նվերը:
Հոլանդացիները մի հետաքրքիր ավանդույթ եւս ունեն, ծննդյան օրերին հոբելյարին շնորհավորելուց բացի ընդունված է շնորհավորել նաեւ ընտանիքի մյուս անդամներին, բայց նվեր հանձնվում է միայն հոբելյարին: Հոլանդացիները ծաղիկներ նվիրում են առանց որևէ արարողակարգի, հոլանդուհիները անգամ իրենք են իրենց ծաղիկներ նվիրում ամեն օր, դա նրանց մոտ ընդունված ու հարմար տարբերակ է:

Ճապոնիա

Ինչպես հայտնի է, ճապոնացիները անգամ ամենափոքր գործողությունը կարող են դարձնել արվեստ եւ նվերի հանձնումը նրանց համար շատ կարեւոր է: Ճապոնացիները մեծ պատասխանատվությամբ ու սիրով  են մոտենում նվերների հանձման արարողությանը:

Նվերի հանձնումը ճապոնացիների համար ունի իր սիմվոլիկ նշանակությունը: Ճապոնացիները, նվերը հասցեատիրոջը տալիս, այն բռնում են 

2 ձեռքով, եւ նաեւ հանձնում են 2 ձեռքով: Շատ կaրևոր է նվերը անմիջապես չբացել, դա կարելի է անել ավելի ուշ, երբ նվիրողը տարածքում չէ, անմիջապես բացելը կհամարվի անքաղաքավարություն:
Ճապոնացիների համար նաեւ կարեւոր է ոչ թե նվերի պարունակությունy այլ նաեւ այն, թե ինչ տրամադրությամբ են այն նվիրում:

Արաբական միացյալ էմիրություններ

Արաբների մոտ նվեր տալու սովորույթը նույնիսկ հիշատակվում  է Ղուրանում: 

Նվեր հանձնելը արաբների մոտ համարվում է ոչ միայն հարազատին երջանկացնելու, ուրախացնելու միջոց, այլ նաեւ համարվում է բարի գործ, որը Ալլահի կողմից կարժանանա գովասանքի:
Եթե արաբ հայրը իր տղային (մինչեւ 7 տարեկան) նվեր է նվիրում, վերջինս դառնում է այդ տղայի սեփականությունը, իսկ եթե երեխան օտար մարդու կողմից է նվեր ստանում, այն անպայման պետք է վերցնի հայրը, երեխան իրավունք չունի վերցնել նվերը անձամբ: 7 տարեկան երեխան կարող է ինքը վերցնել նվերը, սակայն միայն հոր ներկայությամբ: Նվերի ետ վերադարձը արաբների մոտ գեղեցիկ ժեստ չէ, նրանք, հնարավոր է, վիրավորվեն նման քայլից: 

Ռուսաստան

Հին ժամանակներում Ռուսաստանում նվերները անվանում էին гостинца, որի արմատը ունի հյուր նշանակությունը: 

Ընդունված էր, որ միմյանց տուն հյուր գնալիս դատարկ ձեռքով չէր կարելի գնալ, պարտադիր էր տանել ինչ-որ հետաքրքիր նվեր, որպես շնորհակալության նշան:

ԱՄՆ

Ամերիկացիները տարբերվող արարողություն չունեն նվերների հանձման, բայց նրանք մի այսպիսի պրակտիկ սովորություն ունեն: Երբ ամերիկացին թանկարժեք նվեր է նվիրում ինչ-որ մեկին, նա պարտադիր այդ նվերի կտրոնը թողնում է տոպրակի մեջ, որպեսզի նվեր ստացողը, այն չհավանելու դեպքում, կարողանա այն փոխանակել, կամ հետ տալ: Ամերիկացիները, ճիշտ է, շատ պրակտիկ են, բայց երբեք գումար չեն նվիրում: 

Դե իհարկե, բոլորս էլ սիրում ենք նվերներ ստանալ, իսկ ոմանք՝ նվիրել, իսկ Դուք արդեն որոշեցի՞ք, թե որ ազգի ներկայացուցչի կողմից կցանկանայիք ստանալ Ձեր նվերը: