«WishApp» հավելվածի օգտագործման ընդհանուր դրույթներ և պայմաններ

Սույն Ընդհանուր դրույթներ և պայմանները հանդիսանում են Ձեր, Սիգնուսի և Գործընկերների միջև հարաբերությունները կարգավորող համաձայնություն, որում սահմանված պարտականությունները Դուք անվերապահորեն ակցեպտավորում եք WishApp-ն օգտագործելիս։


1. Սահմանումներ
1.1. ԸԴՊ-ում օգտագործված հետևյալ բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ իմաստները.
1.1.1. ԸԴՊ կամ Ընդհանուր դրույթներ և պայմաններ՝ սույն փաստաթուղթը, որով սահմանվում են WishApp-ի օգտագործման պայմանները, ինչպես նաև Ձեր, Սիգնուսի և Գործընկերների միջև փոխադարձ իրավունքները և պարտականությունները. ԸԴՊ հանդիսանում է նաև Սիգնուսի և Ձեր միջև վերջնական օգտագործողի լիցենզիայի (թույլտվության) պայմանագիր.
1.1.2. Դուք՝ WishApp-ի օգտատեր, որը WishApp-ն օգտագործում է համաձայն ԸԴՊ-ի.
1.1.3. Օգտատեր՝ WishApp-ի օգտատեր, ներառյալ Դուք և Երրորդ օգտատերերը։
1.1.4. Երրորդ օգտատեր՝ WishApp-ի Երրորդ անձ օգտատեր.
1.1.5. Շահառու օգտատեր՝ Օգտատեր, հօգուտ որի կատարվում են վճարումներ Օգտատերերի կողմից։
1.1.6. Սիգնուս՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ՀՀ-ում գրանցված կազմակերպություն է, գրանցման համար՝ 269.110.814578 / 2014-05-23, ՀՎՀՀ՝ 02259571, գործունեության հասցե՝ ՀՀ, Երևան, Գարեգին Նժդեհ 46. ապրանքները Ձեզ իրացնելիս Սիգնուսը հանդիսանում է Գործընկերոջ գործակալ կամ հանձնակատար, այն է, գործում է Գործընկերոջ անունից.
1.1.7. Գործընկեր՝ երրորդ անձ, որը Ձեզ առաջարկում է ապրանքներ WishApp-ի միջոցով.
1.1.8. Երրորդ անձ՝ ցանկացած այլ անձ, որը չի հանդիսանում Սիգնուսը կամ Դուք.
1.1.9. WishApp՝ բջջային հավելվածը, ինչպես նաև [https://wishapp.am] հասցեում գտնվող կայքը՝ իր գործառնություններով և հնարավորություններով.
1.1.10. Հաշիվ՝ կարգ, որը հնարավորություն է տալիս Ձեզ ունենալ անձնավորված մուտքի հնարավորություն WishApp-ին։
1.1.11. Ապրանք՝ Գործընկերոջ կողմից առաջարկվող ապրանք.
1.1.12. Օֆերտա՝ Գործընկերոջ ապրանքը սահմանված գնով և պայմաններով իրացնելու (գնելու կամ պատվիրելու) առաջարկ.
1.1.13. ՀՀ՝ Հայաստանի Հանրապետություն.
1.1.14. Անձնական տվյալներ՝ WishApp-ի միջոցով կամ այլ կերպ Սիգնուսին տրամադրված Ձեր ցանկացած և բոլոր անձնական տվյալները և տեղեկությունները, որոնք Սիգնուսի կողմից կարող են մշակվել «Գաղտնիության քաղաքականություն» փաստաթղթի պայմանների դրույթների համաձայն, որին Դուք նույնպես համաձայնվել եք WishApp-ն օգտագործելով։


2. ԸԴՊ առարկան
2.1. Սիգնուսը Ձեզ տրամադրում է WishApp-ի օգտագործման վերջնական օգտագործողի լիցենզիա, WishApp-ի միջոցով Դուք հաշիվ եք գրանցում WishApp-ում, ստանում եք Ձեր անձնական տվյալների հետ WishApp-ի միջոցով գործողություններ կատարելու տեխնիկածրագրային հնարավորություններ, տեղեկանում եք գործընկերների ապրանքների մասին, ինչպես նաև WishApp-ի միջոցով կարող եք ձեռք բերել Գործընկերների ապրանքները Ձեր կամ Երրորդ անձանց համար։ Ապրանքներ իրացնելիս Սիգնուսը հանդես է գալիս Գործընկերոջ հանձնակատար։


3. Վերջնական օգտագործողի լիցենզիա
3.1. Եթե այլ բան չի նշվում, WishApp-ի նկատմամբ բոլոր իրավունքները պատկանում են Սիգնուսին։
3.2. Սիգնուսը Ձեզ տրամադրում է WishApp-ի անհատույց օգտագործման՝ ներառյալ WishApp-ի այնպես ինչպես կա լիաբեռնման, ցուցադրման, գործարկման, պահեստավորման չփոխանցելի թույլտվություն՝ ԸԴՊ-ով սահմանված պայմաններով։
3.3. Դուք ոչ մի դեպքում իրավունք չունեք WishApp-ը վաճառել, տալ վարձույթով, փոխատվությամբ, կատարել WishApp-ի թարգմանություն, վերափոխում, հարմարեցում, մշակում կամ ցանկացած այլ փոփոխություններ WishApp-ի հետ, իրականացնել հանրությանը հաղորդման, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, հեռարձակման, վերահեռարձակման, կամ մալուխով հաղորդման գործողություններ։
3.4. WishApp-ի անհատույց օգտագործման ԸԴՊ-ով սահմանված թույլտվությունը տրվում է անորոշ ժամկետով։
3.5. WishApp-ի օգտագործման թույլտվությունը կարող է ցանկացած ժամանակ փոփոխվել կամ հետ վերցվել Սիգնուսի կողմից միակողմանիորեն, առանց Ձեզ լրացուցիչ ծանուցման կամ տեղեկացնելու։
3.6. Դուք Վերջնական գտագործողի սույն լիցենզիայի խախտման համար Սիգնուսի առջև կրում եք նյութական պատասխանատվություն, որը ներառում է վնասներ (ներառյալ բաց թողնված օգուտ) հատուցելու պարտականությունը՝ այդ թվում, եթե այդ վնասն առաջացել է Ձեր որևէ գործողության արդյունքում՝ առանց Ձեր մեղքի։


4. Պարտավորություններից ազատում
4.1. Դուք Սիգնուսին ազատում եք WishApp-ի օգտագործման հետ կապված Ձեր հանդեպ Սիգնուսի բոլոր տեսակի պարտականություններից, որը ներառում է, սակայն չի սահմանափակվում բոլոր և ցանկացած տեսակի վնասներ հատուցելու պարտականություններով, եթե այդպիսիք կան, կամ կառաջանան հետագայում։
4.2. Դուք գիտակցում եք և համաձայն եք, որ Սիգնուսը պատասխանատվություն չի կրում Գործընկերոջ ապրանքների որակի համար։
4.3. Դուք ԸԴՊ-ով ոչ մի դեպքում չեք ազատվում Սիգնուսին վնասներ հատուցելու պարտականությունից, եթե այդպիսին առաջանա Ձեր կողմից WishApp-ի օգտագործման ժամանակ։


5. WishApp-ի միջոցով ապրանքներ ձեռք բերելը
5.1. Դուք կարող եք WishApp-ի միջոցով ընտրել WishApp-ում տեղադրված ապրանքները՝ դրանք Ձեր կամ Երրորդ անձի համար ձեռք բերելու նպատակով։
5.2. Ձեր կողմից WishApp-ի միջոցով ապրանքի ձեռքբերման հրահանգի գործարկումը կամ ապրանքի դիմաց վճարումը հանդիսանում է տվյալ ապրանքը ձեռք բերելու Գործընկերոջ մանրածախ առուվաճառքի օֆերտայի անվերապահ ակցեպտ։
5.3. Դուք համաձայնվում եք, որ Սիգնուսը կամ Գործընկերն իրավունք ունեն միակողմանիորեն հրաժարվել մանրածախ առուվաճառքի գործարքի կատարումից մինչև ապրանքը Ձեզ հանձնելու պահը՝ առանց ծանուցման որևէ ընթացակարգ պահպանելու պարտականության կամ որևէ պատասխանատվություն կրելու՝ վերադարձնելով վճարված գումարը։ Սակայն այդպիսի իրավազորության իրականացումը կարող է արտացոլվել WishApp-ի Ձեր հաշվում։
5.4. Դուք կարող եք, միակողմանիորեն հրաժարվել առուվաճառքի գործարքի կատարումից մինչև ապրանքը Ձեզ հանձնելու պահը՝ առանց որևէ պատասխանատվության՝ հետ ստանալով ապրաքի դիմաց վճարած գումարը, սակայն Դուք պարտավորվում եք Սիգնուսի պահանջով վճարել ապրանքի տեղափոխման կամ առաքման հետ կապված փաստացի կատարված ծախսերը (բայց ոչ ավել քան վճարված գումարի 20%), և Դուք համաձայն եք, որ այդ դեպքում ապրանքի դիմաց կատարված վճարի և ապրանքի տեղափոխման կամ առաքման հետ կապված փաստացի կատարված ծախսերի տարբերությունը կհաշվարկվի և կիրականացվի հաշվանցի միջոցով։
5.5. Դուք նաև գիտակցում եք և համաձայն եք, որ գումարի վերադարձի բոլոր դեպքերում գումարի վերադարձը կարող է տեղի ունենալ ոչ անմիջապես, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների և բանկերի ծառայությունների արդյունքում կարող են պահվել միջնորդավճարներ. Սիգնուսը և Գործընկերը պատասխանատվություն չեն կրում Երրորդ անձանց կողմից ուշացումների կամ պահումների համար։
5.6. Ձեր կողմից հօգուտ Երրորդ անձի ապրանքի կամ իրավունքի ձեռքբերումը հանդիսանում է Ձեր կողմից այդ Երրորդ անձին կատարված նվիրատվություն։
5.7. Սիգնուսի կամ Գործընկերոջ կողմից ժամանակ առ ժամանակ կարող են առաջարկվել զեղչային կամ մարկետինգային բոնուսներ, խրախուսական միջոցներ և այլ առաջարկներ։ Այդպիսի առաջարկների նկատմամաբ կարող են սահմանվել լրացուցիչ պայմաններ կամ կանոններ։
5.8. Զեղչային կուպոնների, կոդերի, հղումների և այլ միջոցների օգտագործմամբ վճարումների հաշվին կատարվող գնումների դեպքում (ներառյալ խմբակային ձեռքբերման դեպքում և անկախ օգտագործվող կուպոնների քանակից և դրանցով նախատեսված արժեքից/չափից/ծավալից) այդ վճարների օգտագործումը կարող է Սիգնուսի կողմից սահմանափակվել ձեռք բերվող ապրանքի ընդհանուր արժեքի քսան տոկոսից (20%) ոչ ավել կամ այլ չափով։


6. Նվերի խմբակային ձեռքբերում
6.1. WishApp-ի համապատասխան ծրագրային հրահանգների գործարկման՝ Նվերի խմբակային ձեռքբերման դեպքում Դուք Սիգնուսին վճարում եք կանխավճար, Սիգնուսից ձեռք եք բերում կանխավճարի հաշվին և կանխավճարի արժեքի չափով ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունք, և կանխավճարը Սիգնուսին փոխանցելու պահին ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու այդ իրավունքն ամբողջ ծավալով անհատույց զիջում եք Շահառու օգտատիրոջը։
6.2. Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքի լիիրավ պահանջատեր է Շահառու օգտատերը։
6.3. Շահառու օգտատերն իրավունք ունի ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքն իրականացնել WishApp-ում գովազդվող, վաճառքում առկա և առաջարկվող ցանկացած ապրանքի ձեռքբերման նպատակով։ Ապրանքի ձեռքբերման նկատմամբ տարածվում են ԸԴՊ դրույթները։
6.4. Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքները Շահառու օգտատիրոջ օգտին Ձեր կողմից շահույթ ստանալու կամ այլ նպատակով ձեռք բերվել, զիջվել կամ այլ կերպ փոխանցվել չեն կարող, ինչպես նաև WishApp-ում հօգուտ Շահառու օգտատիրոջ ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքի ձեռքբերումը հնարավոր է միայն ձեռքբերման պահին, և այն զիջվել կամ այլ կերպ փոխանցվել չի կարող։
6.5. Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքը վերադարձման ենթակա չէ։
6.6. Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքը կարող է ներկայացվել միայն Սիգնուսին։
6.7. Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքը կարող է իրացվել 30 օր ժամկետում, որից հետո այն դադարում է։
Դուք և Շահառու օգտատերը Սիգնուսին ազատում եք դադարած Ապագայում WishApp-ի միջոցով ապրանք ձեռք բերելու իրավունքի հետ կապված ցանկացած և բոլոր պարտավորություններից։


7. Ապրանքի հանձնումը
7.1. Ապրանքը պետք է հանձնվի Ձեր սահմանած վայրում, որը չի կարող լինել Երևան քաղաքի տարածքից դուրս այլ վայրում։
7.2. Դուք WishApp-ի միջոցով կծանուցվեք ապրանքը վայր հասցնելու և հանձնման պատրաստ լինելու մասին։ Ապրանքի հանձնման վայր հասցնելու պահից Ձեզ են անցնում ապրանքի վնասման կամ պատահական կորստի հետ կապված ռիսկերը։
7.3. Ապրանքի նկատմամբ սեփականության իրավուքը կանցնի Ձեզ ապրանքը Ձեր սահմանած վայր հասցնելու պահից։


8. ԸԴՊ-ի միակողմանիորեն հրաժարումը
8.1. Սիգնուսը կամ Դուք իրավունք ունեք ցանկացած ժամանակ միակողմանիորեն հրաժարվել ԸԴՊ-ի կատարումից։
8.2. Սիգնուսն իրավունք ունի հրաժարվել ԸԴՊ-ի կատարումից՝ առանց այդ մասին Ձեզ հատուկ ծանուցելու, ընդ որում Սիգնուսի կողմից ԸԴՊ կատարումից միակողամնի հրաժարման դեպքում Ձեր հաշիվը WishApp-ում կարող է Սիգնուսի կողմից ջնջվել։
8.3. Ձեր կողմից ԸԴՊ-ից միակողմանի հրաժարումը կարող է տեղի ունենալ Սիգնուսին գրավոր ծանուցում ներկայացնելով կամ WishApp-ում Ձեր հաշիվը ջնջելով։
8.4. Ձեր կողմից ԸԴՊ կատարումից միակողմանիորեն հրաժարումը չի հանգեցնի ապրանքների ձեռքբերման գործարքներից միակողմանիորեն հրաժարման, որը պետք է տեղի ունենա առանձին՝ Սիգնուսին ծանուցելու միջոցով կամ WishApp-ի համապատասխան ծրագրային գործիքը գործարկելու միջոցով։


9. Ծանուցումները
9.1. Սիգնուսի կողմից Ձեզ ծանուցումները կարող են տեղի ունենալ WishApp-ում Ձեր կողմից գրանցած էլեկտրոնային փոստի հասցեով կամ հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելով, ինչպես նաև WishApp-ում ներառված ծանուցման համակարգի միջոցով ծանուցելով։
9.2. Ձեր կողմից Սիգնուսին ուղարկված ծանուցումները պետք է կատարվեն գրավոր կամ էլեկտրոնային եղանակով Սիգնուսի կայքում կամ ֆեյսբուքյան էջում կամ WishApp-ում զետեղված հանրամատչելի կոնտակտային հասցեներով։
9.3. WishApp-ի միջոցով կնքված գործարքների հետ կապված ծանուցումները մինչև ապրանքը սահմանված վայր հասցնելը պետք է կատարվեն Սիգնուսին։ Ապրանքների հետ կապված թերությունների կամ խնդիրերի դեպքում Դուք պետք է դիմեք համապատասխան Գործընկերոջը, որի անունից ապրանքը վաճառվել է. Ապրանքի առաքման ժամանակ Սիգնուսը Ձեզ կտեղեկացնի տվյալ Գործընկերոջ մասին և կփոխանցի նրա տվյալները. Դուք կարող եք անհրաժեշտության դեպքում այդ տվյալները ճշտել Սիգնուսից ներկայացնելով գնված ապրաքի գրանցման համարը, որը, սակայն, Սիգնուսի մոտ կարող է չպահվել ավելի քան հինգ տարի։


10. Վեճերի լուծման կարգը
10.1. ԸԴՊ-ի հետ կապված կամ նրանից ծագող վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրության հիման վրա ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ բացառելով միջազգային մասնավոր իրավունքի նորմերի կիրառությունը։


11. Եզրափակիչ դրույթներ
11.1. ԸԴՊ-ում այն բոլոր տեղերում, որտեղ նշված է, որ որևէ կողմ չի կրում պատասխանատվություն, դա նաև նշանակում է, որ պահանջատեր կողմը պարտապան կողմին ամբողջությամբ ազատում է այդպիսի պատասխանատվության հետ կապված բոլոր պարտավորություններից (այդ թվում, որոնք կառաջանան հետագայում ԸԴՊ գործողության ընթացքում)։
11.2. Դուք իրավունք չունեք առանց Սիգնուսի հատուկ և առանձին փաստաթղթով ձևակերպվող համաձայնության WishApp-ի միջոցով իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն։
11.3. ԸԴՊ-ն կազմված է հայրեն և անգլերեն լեզուներով. բոլոր դեպքում իսկականն է հայրեն տեքստը և ցանկացած հարց վերջնական լուծում է ստանում հայերեն տեքստի հիման վրա։